Archive | December 25, 2012

Ամանորը Ջավախքում

 

Ջավախքում, թերևս, ամենասիրված տոներից մեկը համարվում է Նոր Տարվա կամ Կաղանդի (Կաղինտ) տոնը, որը մեծ սիրով են դիմավորում ջավախքցիները:
Եթե Հայաստանում այդ օրվան նախապարտաստվում են տարվա վերջին շաբաթվա կամ ամսվա մեջ, ապա ջավախքցին` համարյա ամբողջ տարին: Մսացուն հատկացվում է դեռ տարվա հենց սկզբին, կլինի դա հորթուկ թե խոճկոր, հետագայում արժանանում է ընտանիքի անդամների հատուկ վերաբերմունքին, ինչպես մատաղի համար խոստացված գառը:
Ամանորին ջավախքցին նախընտրում է հորթ մորթել, քան թե տասը կիլո միս առնել: Տնական մորթը, կարծես տունը լցնում է <<բարաքաթով>>, անկախ անասունի տեսակից ու քաշից:
Ջավախքցու համար մսից բացի պարտադիր է Նոր Տարին դիմավորելու համար ունենալ մրգեր, ցիտրուսներ, ընկույզ, խմիչք և այլ նպարեղեն: Բայց ամենակարևորը պատրաստվող կերակուրներն ու խմորեղենն Է:
<<31-ի գիշերը ջահելները գնում էին իրենց բախտները փորձելու` գլխարկ կախելու: Պարանից կապված գլխարկը իջեցվում էր ներքև ու տնեցիները այն լցնում էին իրենց սեղանի բարիքներից` մի զույգ գաթա, միրգ, լավաշի մեջ փաթաթած սառը միս և այլ ուտեստներ: Պատահում էին նայև չարացած հոգիներ, որոնք խորտիկների փոխարեն անասունի աղբն էին լցնում, դրանով իսկ փչացնելով խեղճ ջահելի տոնական սպասելիքները: Այդպիսի մարդիկ էլ կային>>-պատմում էր Կաթյա տատին:
Սակայն այսօր արդեն այլեւս չեն իրականացվում նման հետաքրքիր <<ավանդույթներ>>:
Կարծես` այսօր ջավախքցու մտահոգություններն են ստիպում նրան այլ կերպ դիմավորել ամանորը. << Ինչպես նախկինում էին դիմավորում ու նախապրաստվում, ավելին` սպասված էր բոլորիս համար ամանորը, այսօր մեր ժողովուրդը այնպիսի վիճակում է, որ բոլոր հնարավորությունները ունի նախապատրսատվելու, սակայն էն ժամանակվա ամանորի համն ու հոտը հիմա չի զգացվում>>,-նշեց 85-ամյա Կաթյա տատին:Կես գիշերին ամեն ընտանիքում կտրում էին <<տարին>>, այսպես էին անվանում ջավախքցիները: Դա տորտ հիշեցնող մեծ, կլոր թխվացք էր: Ընտանիքի ամեն անդամ ստանում էր տարվա իր բաժինը: Ամենակարեւորն այն էր, որ թխվացքի խմորի մեջ տանտիկինը մետաղադրամ էր դնում: Ում բաժին ընկներ բաղձալի մետաղադրամը, նա էլ կլիներ տարվա բախտավորը: Մետաղադրամի, Աստված մի արասցե, դանակի տակ ընկնելը, այդ ընտանիքի համար փորձանքի կանխանշան կլիներ: Այս ծիսակատարությունը դեռ գործում է Ջավախքում, գրեթե մեծամասնությունը մեծ հետաքրքրությամբ ու անհամբերությամբ են սպասում հունվարի 1-ին:

 

Ինչեւիցե, Ջավախքյան Նոր Տարին էլ ունի իր հետաքրքիր ու քաղցր ծիսակատարությունները:


50792 (1)